Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խորհրդակցություն Արագածոտնի մարզի վերաբերյալ

Խորհրդակցություն Արագածոտնի մարզի վերաբերյալ
12.11.2015 | 11:46

Նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014 թ. և 2015 թ. հունվար-սեպտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում, հատկապես՝ անասնապահության, և երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում: Կցանկանայի տեսնել, թե պետությունը ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում՝ անասնապահությանը, որովհետև այս ոլորտում աճի միտումները մեզ համար ուրախալի են: Երկրորդ՝ մենք 2012 թ. վերջին և 2013 թ. սկզբին վերլուծելով տարբեր մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եկանք այն եզրակացության, որ Արագածոտնի մարզի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է: Նկատի ունեմ՝ ջրամատակարարումը, միջհամայնքային ճանապարհների վիճակը, գազամատակարարումը: Անշուշտ, նկատել եք, որ տարիների ընթացքում մենք այս ոլորտներին ուղղված միջոցներն ավելացրել ենք: 2015-ին 2014-ի համեմատ այս ոլորտների զարգացմանն ուղղված միջոցները կրկնապատկվել են, և մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաև իրավիճակի բարելավման, արդյունքների կրկնապատկման, միգուցե՝ փոքր-ինչ ավելիին: Պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին:
Արագածոտնի մարզով է անցնում մեր երկրի կարևորագույն երակներից մեկը, այստեղ է իրականացվում մեր կարևորագույն ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» և մենք նպատակ ունենք ու վստահ եմ, որ իրականացնելու ենք, 2018-ին ավարտել Արագածոտնի մարզով անցնող այդ մայրուղու ամբողջական հատվածը և մեր ծրագրերի համաձայն, 2018-ին արդեն շահագործման ենք հանձնելու Երևան-Գյումրի ամբողջական հատվածը:
Ակնկալում եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները բարեխղճությամբ ու պատրաստակամությամբ կմոտենան խնդիրների լուծմանը, որովհետև ճանապարհի համար նոր հողակտորների օտարման անհրաժեշտություն կա: Այսինքն` մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարևոր է հանրապետության համար և, բնականաբար, առաջին հերթին՝ մարզի: Շատ էական է այն հանգամանքը, որ միջոցներ են նախատեսվում նաև կենտրոնական ճանապարհին երկրորդական ճանապարհների միացման համար, այսինքն` զարգացման լուրջ խնդիրներ են լուծվում:
Իհարկե, կցանկանայի, որպեսզի մարզպետարանը շատ ավելի ուշադիր և բծախնդիր լիներ առողջապահության և կրթության խնդիրների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձներ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, որովհետև Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը: ՈՒստի, այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում հատկապես գյուղական բնակավայրերում: Պետք է շատ ուշադիր լինել այս հարցում: Մեր օժանդակությունն այստեղ մշտապես կարող եք ակնկալել»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրել է ըստ ոլորտների՝ քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլ բնագավառներում իրականացված և նախատեսված ծրագրերը, ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ ՀՀ նախագահի նշած ուղղություններով աշխատանքները մարզպետարանի մշտական ուշադրության ներքո են, և արդյունքների մասին պարբերաբար կզեկուցվեն նախագահին:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, հիմնականում նախատեսված են կրթության բնագավառում՝ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների համար: Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման, ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման միջոցառումների մշակման և անասնաբուծության զարգացման ծրագրերի առաջմղման նպատակով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման ուղղությամբ՝ համապատասխան ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման համար անհրաժեշտ ոռոգման համակարգերի զարգացման, մասնավորապես՝ ջրանցքների շարունակական վերականգնման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել անասնաբուծության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ մարզի ֆերմերային տնտեսություններին օժանդակության լրացուցիչ մեխանիզմների վերաբերյալ հստակ միջոցառումներ մշակելով:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին աջակցության նպատակով մարզպետը հանձնարարական է ստացել՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Աշտարակ-Թալին հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա. Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ-ի ներկայացրած համայնքների կրթական հաստատությունների հրատապ նորոգման խնդիրներին:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ